Ամանորյա տոնակատարություններն ալավերդցիների համար մեկնարկեցին հետաքրքիր անակնկալով. Ամանորի նախօրեին Ալավերդու մշակութային կենտրոնում ցուցադրվում էր «Մորաքույրը Փարիզից» կատակերգությունը (գլխավոր դերում՝ Նարեկ Դուրյան):
«Մանես» բարեգործական հիմնադրամի հերթական նախաձեռնությամբ Ալավերդու մշակութային կյանքում տեղի ունեցավ ևս մեկ հետաքրքիր իրադարձություն. ցուցադրվեց ներկայացում, որը նվաճել է նաև մայրաքաղաքային հանդիսատեսի համակրանքը և լեփ-լեցուն դահլիճներ է հավաքում նաև Երևանի թատրոններում:
Նման միջոցառումները կարևոր տեղ ունեն հիմնադրամի ծրագրերում: Իր կանոնադրության շրջանակներում հիմնադրամը հետևողական գործունեություն է իրականացնում Ալավերդի քաղաքի մշակութային կյանքի աշխուժացման և մարզեր-մայրաքաղաք մշակութային երկատվածության հաղթահարման ուղղությամբ:
Մետալուրգների քաղաքի հարյուրավոր բնակիչներ ևս մեկ առիթ ու հնարավորություն ունեցան առնչվելու թատերարվեստի աշխարհին, զվարճանալու և բարձր տրամադրությամբ հրաժեշտ տալու աշխատանքային եռուզեռով հագեցած տարվան: