2010թ. հուլիսի 17-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները և Ալավերդու քաղաքապետարանը կազմակերպեցին տոնական միջոցառումներ նվիրված Ալավերդու պղնձաձուլական գործարանի 240-ամյակին, հանքագործի և մետալուրգի մասնագիտական տոնին, և Ալավերդի քաղաքի օրվան: Ավանդական կարգի համաձայն` համաքաղաքային տոնակատարությունները սկսվեցին մոմավառությամբ Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, որից հետո կազմակերպվեց հանդիսույթ Ալավերդու մշակույթի կենտրոնում: Հանդիսույթի մասնակիցները Ալավերդու մշակույթի կենտրոնի ճեմասրահում հնարավորություն ունեցան դիտելու «Ալավերդին և ալավերդցիները» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որն արտացոլում էր պղնձաձուլական գործարանի և քաղաքի պատմության հետաքրքիր դրվագները:
Միջոցառման սկզբում ցուցադրվեց տարածաշրջանում պղնձագործության ձևավորմանն ու պատմական զարգացմանը նվիրված փաստավավերագրական ֆիլմ, որից հետո ելույթ ունեցավ և հանդիսույթի մասնակիցներին իր օրհնությունը և շնորհավորական խոսքը հղեց Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Այնուհետև շնորհավորական խոսքով հանդես եկավ Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը, ով մասնավորապես նշեց, որ հանքագործի և մետալուրգի օրն ու պղնձաձուլական գործարանի հերթական հոբելյանը Ալավերդու օրվա հետ միասին նշելու հանգամանքը պատահականություն չէ: Այդ եռամիասնությունը խորհրդանշում է պղնձաձուլական գործարանի բացառիկ դերն ու կարևորությունն Ալավերդի քաղաքի համար:
Հազարամյակներ ի վեր այս տարածաշրջանում մետալուրգիան ու հանքագործությունը եղել են տնտեսության առաջատար ոլորտները: Ալավերդին ձևավորվել ու կայացել է որպես մետալուրգիայի քաղաք և հենց մետալուրգիայի մեջ է տեսնում իր ապագա բարգավաճումը: Քաղաքապետ Արթուր Նալբանդյանը նաև հրապարակեց Ալավերդու նոր պատվավոր քաղաքացիների անունները. ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյան, Հուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյան, խորհրդային տարիներին Ալավերդու քաղխորհրդի գործկոմի երկարամյա քարտուղար Ալբերտ Անանյան և աշխատանքի վետերան Սուրեն Վարոսյան:
Շնորհավորական խոսքով ներկաներին դիմելով` «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը նշեց, որ անհրաժեշտ է դասեր քաղել պատմությունից. գործել այնպես, որ տնտեսական համակարգը կայուն լինի ճգնաժամային իրադրությունների նկատմամբ, որպեսզի տնտեսական աճը լինի շարունակական: Վալերի Մեջլումյանը նաև անդրադարձավ տարածաշրջանում հանքարդյունաբերության և մետալուրգիայի զարգացման հիմնախնդիրներին և «Վալլեքս» խմբի ընկերությունների հեռանկարային ռազմավարական ծրագրերին: Շնորհավորական ելույթներ ունեցան նաև Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը, «Վալլեքս» խմբի փոխնախագահներ Գագիկ Արզումանյանը և Արթուր Մկրտումյանը:
Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ նաև պարգևատրման հանդիսավոր արարողություն: «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից հոբելյանական հուշամեդալներով և ժամացույցերով, պատվոգրերով և տարբեր թանկարժեք նվերներով պարգևատրվեցին պղնձաձուլական գործարանի վաստակաշատ աշխատողներ, Ալավերդի քաղաքի և Լոռու մարզի կրթամշակութային և տնտեսական ոլորտների գործիչներ:
Տոնական հանդիսույթը շարունակվեց Ալավերդու «Մետալուրգ» մարզադաշտում կազմակերպված շքեղ համերգով` Ինգա և Անուշ Արշակյանների մասնակցությամբ: Տոնական օրվա ավարտին` ուշ երեկոյան, տեղի ունեցավ Սանահինի վանական համալիրի` «Վալլեքս» խմբի ընկերությունների օժանդակությամբ կահավորված գիշերային լուսավորության համակարգի գործարկումը: Գեղեցիկ իրադարձությամբ ոգեշնչվելով` արարողությանը ներկա Արշակյան քույրերը Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանի ձայնակցությամբ հոգևոր համերգ ներկայացրեցին` գեղագիտական բավականություն պարգևելով ներկաներին: