Արձագանքելով տարբեր լրատվամիջոցներով և այլ եղանակներով շահագրգիռ հանրության շրջանում տարածվող ոչ հավաստի տեղեկություններին և անհամարժեք գնահատականներին՝ «Վալլեքս» խմբի ընկերությունները լրացուցիչ մանրամասներ են հայտնում «Թեղուտ» ՓԲԸ շուրջ ստեղծված իրավիճակի մասին․
1․ Թեղուտի լեռնահանքային համալիրը ստեղծվել է «Վալլեքս» խմբի կենսագործած ներդրումային ծրագրի արդյունքում, որի ֆինանսավորման աղբյուրները եղել են ինչպես ներգրավված վարկային միջոցները, այնպես էլ «Վալլեքս» խմբի ընկերությունների սեփական միջոցները։ Թեղուտի լեռնահանքային համալիրի գործունեության մեկնարկից առաջ՝ 31.12.2014թ․ դրությամբ, ներդրումային ծրագրի վրա ծախսված միջոցների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ $352 մլն, որից $308 մլն կատարվել է ՎՏԲ խմբի ֆինանսական կազմակերպություններից ներգրավված վարկի, իսկ $44 մլն` «Վալլեքս» խմբի ընկերությունների սեփական միջոցների հաշվին: Իր գործունեության ընթացքում «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից վարկի գծով սպասարկման (մայր գումարի և տոկոսների մարումներ) և կոմիսիոն վճարների ընդհանուր գումարը 31.08.2018թ․ դրությամբ կազմել է շուրջ $110 մլն:
Չնայած այն հանգամանքին, որ շահագործման ընթացքում առաջացել է պոչանքային տնտեսության որոշ հանգույցների անվտանգության և հուսալիության բարձրացման անհրաժեշտություն՝ Թեղուտի լեռնահանքային համալիրը գերժամանակակից, գիտելիքահեն ձեռնարկություն է, որն արդեն զգալի դերակատարում է ունեցել տարածաշրջանի տնտեսական զարգացման գործում և մեծ ներուժ ունի այդպիսի դերակատարում ունենալու նաև ապագայում։
2․ Շրջակա միջավայրի համար ռիսկերի կառավարելիության ապահովման հետ կապված վերոնշյալ պատճառներով «Թեղուտ» ՓԲԸ-ն հարկադրված է եղել դադարեցնել համալիրի գործունեությունը, ինչի հետևանքով դժվարություններ է ունեցել ՎՏԲ բանկի վարկի սպասարկման հարցում: Այդ իրավիճակում բանկը տիրացել է «Թեղուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերին և պահանջել է գումարների ամբողջական մարում։ Մեր գնահատմամբ, իր այդ իրավունքը բանկն իրացրել է ոչ իրավաչափ ճանապարհով։ Արդյունքում «Վալլեքս» խումբն այդուհետ հնարավորություն չի ունեցել մասնակցելու լեռնահանքային համալիրի կառավարմանը։
«Վալլեքս» խումբը ներկայում դատական կարգով վիճարկում է «Թեղուտ» ՓԲԸ բաժնետոմսերին տիրանալու իրավաչափությունը բանկի կողմից, սակայն անմիջականորեն «Թեղուտ» ՓԲԸ նկատմամբ որևէ հայց չի հարուցել, և միտված չէ որևէ կերպ խոչընդոտելու լեռնահանքային համալիրի գործունեությունը։
Միևնույն ժամանակ հորդորում ենք բոլոր շահագրգիռ կողմերին զերծ մնալու «Վալլեքս» խմբի՝ ՎՏԲ բանկին պարտքի չափի մասին անհիմն գնահատականների հրապարակումից (օրինակ այն՝ որ խումբը բանկին պարտք է 380 մլն ԱՄՆ դոլար), քանի որ նման հայտարարությունները կարող են անհամաչափ ազդեցություն ունենալ գործի դատական քննության վրա։
3․ «Վալլեքս» խմբի ընկերությունները, տարիներ շարունակ լինելով Լոռու մարզի խոշորագույն տնտեսվարող ձեռնարկությունները, տարածաշրջանը համարել են իրենց սոցիալական պատասխանատվության տիրույթը և շահագրգիռ են տարածաշրջանում սոցիալ-տնտեսական իրադրության կայունացմամբ։ Մենք բարձր ենք գնահատում ՀՀ կառավարության ջանքերը ինչպես «Թեղուտ» ՓԲԸ, այնպես էլ՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ գործունեության վերսկսման ուղղությամբ և պատրաստակամ ենք համատեղելու ջանքերը ՀՀ կառավարության հետ միասին իրավիճակի հնարավորինս արագ հանգուցալուծման գործում։
Տարածաշրջանում սոցիալական կայունության կարևորման վկայություններից է մասնավորապես այն, որ ամիսներ շարունակ չգործող և դեռևս վերագործարկման որոշակի հեռանկար չունեցող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ ամբողջ անձնակազմին «Վալլեքս» խմբի նախագահի անձնական միջոցներից վճարվում է աշխատավարձ։ Սա պայմանավորված էր բացառապես Վալերի Մեջլումյանի սոցիալական պատասխանատվության զգացումով, և ոչ որևէ այլ գործոնի ազդեցությամբ։
«Վալլեքս» խմբի ընկերությունների
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին