Ի գիտություն շահագրգիռ հանրության
2019թ․ հունվարի 15-ին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Թեղուտ» ՓԲԸ դեմ հայցով գործի շրջանակներում «Թեղուտ» ՓԲԸ նախկին աշխատակիցների կողմից իրականացվել են բողոքի գործողություններ և արվել են «Վալլեքս» խմբի անունն անհարկի շահարկող հայտարարություններ։
Արձագանքելով այս առնչությամբ ԶԼՄ և շահագրգիռ հանրության այլ ներկայացուցիչներից ստացվող հարցումներին՝ հայտնում ենք․
Քննվող դատական հայցերից ոչ մեկը կապված չէ «Վալլեքս» խմբի հետ և «Վալլեքս» խումբը «Թեղուտ» ՓԲԸ դեմ որևէ դատական հայց չի հարուցել։
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում քննվող դատական գործը, որով այսօր առաջին նախնական նիստն էր, հարուցված է «Թեղուտ» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Սահակ Կարապետյանի՝ «Թեղուտ» ՓԲԸ միակ բաժնետիրոջ և խորհրդի որոշումները ոչ իրավաչափ և անվավեր ճանաչելու և որպես դրա հետևանք իրեն «Թեղուտ» ՓԲԸ խորհրդի անդամ ու գլխավոր տնօրեն վերականգնելու պահանջների մասին մասնավոր հայցով։
Նշված դատական հայցերի ընթացքը ոչ մի կերպ չի խոչընդոտում Թեղուտի լեռնահանքային համալիրի հնարավոր վերագործարկումը:
«Վալլեքս» խումբը նաև հայտնում է, որ ՀՀ քաղաքացի Սահակ Կարապետյանի կողմից հարուցված հայցերի վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է ՀՀ դատական տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում՝ www.datalex.am: Համաձայն նույն տեղեկատվական բազայում զետեղված բաց տեղեկատվության, «Թեղուտ» ՓԲԸ դեմ հարուցված՝ «Վալլեքս» խմբի հետ որևէ կապ չունեցող, դատական գործերից մեկով էլ, դատարանը շուրջ 2 մլն ՀՀ դրամի հետ կապված պահանջով, հայցի ապահովում է կիրառել «Թեղուտ» ՓԲԸ դեմ՝ արգելելով կատարել որոշակի գործողություններ, որոնք, սակայն, նորից չեն վերաբերում Թեղուտի լեռնահանքային համալիրի հնարավոր վերագործարկմանը։
Ի պատասխան ցուցարարների կողմից հնչեցված հայտարարությունների, հայտնում ենք, որ «Վալլեքս» խումբը «Թեղուտ» ՓԲԸ-ից որևէ գումար չի պահանջում, իսկ 2018 թվականի սեպտեմբերին, երբ ՎՏԲ Բանկը տիրացավ «Թեղուտ» ՓԲԸ բաժնետոմսերին և աշխատանքից ազատեց գլխավոր տնօրենին, «Թեղուտ» ՓԲԸ հաշվարկային հաշիվներին եղած գումարների մնացորդը կազմում էր շուրջ 3,5 մլն ԱՄՆ դոլար և տարակուսելի է այն փաստը, թէ ինչու «Թեղուտ» ՓԲԸ նոր ղեկավարությունը ժամանակին չի մարել ընդամենը 2 մլն դրամի կամ շուրջ 4000 դոլարի պարտավորությունը՝ կանխելով իրավիճակի սրացումը:
Շահագրգիռ հանրության շրջանում թյուրըմբռնումների տարածումը կանխելու նպատակով ևս մեկ անգամ ընդգծում ենք․ «Վալլեքս» խումբը նշված հայցերի հետ որևէ կապ չունի և «Թեղուտ» ՓԲԸ-ից որևէ գումար չի պահանջում։
«Վալլեքս» խմբի ընկերությունների
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Լուսաբանում՝ Հանրային ՀԸ և “Անկյուն+3” ՀԸ