«Վալլեքս» խմբի ընկերությունները պարբերաբար պաշտոնական հաղորդագրություններով իրազեկում են շահագրգիռ հանրությանն իրենց գործունեությանն առնչվող, հնարավոր հասարակական հետաքրքրություն ներկայացնող իրադարձությունների մասին՝ հորդորելով զերծ մնալ չստուգված, իրականությունը և փաստերը միտումնավոր խեղաթյուրող տեղեկատվություն հրապարակելուց։ Սակայն, այդուհանդերձ, որոշ լրատվամիջոցներ շարունակում են մեր գործունեությանն առնչվող ոչ հավաստի տեղեկություններ հրապարակել առանց դրանց իսկությունը ստուգելու ուղղությամբ ողջամիտ գործողություններ կատարելու։

Արձագանքելով տարածվող ոչ հավաստի տեղեկություններին՝ ևս մեկ անգամ պարզաբանումներ ենք ներկայացնում «Թեղուտ» և «Արմենիան Քափըր Փրոգրամ» (կրճատ՝ «Էյ-Սի-Փի») ՓԲ ընկերությունների շուրջ ներկայում ձևավորված իրավիճակի վերաբերյալ.

  1. Իրականությանը չի համապատասխանում այն, որ ՎՏԲ բանկը վարկ է տրամադրել «Վալլեքս» խմբի նախագահ Վալերի Մեջլումյանին։

Իրականում

ՎՏԲ բանկը (այսուհետ՝ Բանկ) վարկ է տրամադրել «Թեղուտ» ՓԲ ընկերությանը, որի միջնորդավորված բաժնետեր (50%-1 բաժնետոմս) եղել է հենց ՎՏԲ բանկը։ Ըստ էության՝ Թեղուտի լեռնահանքային համալիրի կառուցման և շահագործման տնտեսական ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում բանկը ֆինանսավորել է իրեն պատկանող ձեռնարկությունը։ Միևնույն ժամանակ՝ իրեն իսկ պատկանող ձեռնարկությունը ֆինանսավորելու համար Բանկը վերջինիս հետ կնքել է վարկային պայմանագիր, որով հոգուտ Բանկի գրավադրվել է Ծրագրի շրջանակներում Բանկի գործընկեր «Վալլեքս» խմբին և անձամբ խմբի նախագահ Վալերի Մեջլումյանին պատկանող գույքը, այդ թվում՝ «Էյ-Սի-Փի» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը։

  1. Իրականությանը չի համապատասխանում այն, որ ՎՏԲ բանկի կողմից Թեղուտի ծրագրի ֆինանսավորումը կազմում է $500 մլն դոլար։

 Իրականում

Թեղուտի լեռնահանքային համալիրի գործունեության մեկնարկից առաջ՝ 31.12.2014թ. դրությամբ, ներդրումային ծրագրի վրա ծախսված միջոցների ընդհանուր արժեքը կազմել է շուրջ $352 մլն, որից $308 մլն ՎՏԲ խմբի ֆինանսական կազմակերպություններից իբրև վարկ ստացված ֆինանսավորումն է, իսկ $44 մլն՝ «Վալլեքս» խմբի ընկերությունների սեփական միջոցները:  «Վալլեքս» խմբի վերահսկողության տակ գործելու ընթացքում «Թեղուտ» ՓԲԸ վարկի սպասարկման գծով (մայր գումարի և տոկոսների մարումներ) և Բանկին որպես կոմիսիա կատարված վճարումների ընդհանուր գումարը 31.08.2018թ. դրությամբ կազմել է շուրջ $110 մլն: Վարկի հետագա սպասարկումն անխափան շարունակելը «Թեղուտ» ՓԲ ընկերության համար անհնարին է դարձել այնպիսի գործոններով պայմանավորված, որոնք անհնար էր կանխատեսել վարկային պայմանագրի կնքման պահին։

«Վալլեքս» խմբի ընկերությունների
Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին