Սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Վալլեքս» խումբը մի շարք մշակութային միջոցառումների իրականացման աջակից եղավ։
Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում նոյեմբերի 22-ին կայացավ ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի տիկնոջ՝ բեմադրիչ Լիանա Անթառանյանի «Ես և նա» մոնոներկայացումը: Լիանա Անթառանյանը նշել է, որ այս տարի լրացել է Կարեն Ջանիբեկյանի 85-ամյակը:
«Այս տարվա մեր հյուրախաղերը նվիրված են լինելու Վարպետի հիշատակին: Կարեն Ջանիբեկյանը մտադիր էր Ստեփանակերտում թատրոնի վերանորոգումից հետո ներկայացում ունենալ, սակայն չհասցրեց: Ես փորձում եմ իրագործել նրա կիսատ թողածը: Նման միջոցառումները կարևորվում են նրանով, որ ապրեցնում են Արցախը»,-ասել է դերասանուհին։
Նոյեմբերի 19-22-ը Վոլգոգրադում անցկացվեց «Победили вместе» միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում Հայաստանից փառատոնին ներկայացվել էր «Հաղթանակ, որ կերտվել է խելքով» ֆիլմը։
Նոյեմբերի 1-ից Ալավերդու քաղաքային թատրոնը սկսել է Իվան Կուզմենկոյի «Հեքիաթ խոհարարի տղա Իվան Լուսաբերի մասին» հեքիաթի բեմադրական աշխատանքները, որը «Վալլեքս» խմբի հովանավորությամբ ամանորին կներկայացվի Ալավերդցի երեխաներին։ Հիշեցնենք, որ Ալավերդու թատրոնը տարվա մեջ աշխատում է ութ ամիս և երկու ամիս լրացուցիչ աշխատանքը կարևոր աջակցություն է թե թատրոնի աշխատողներին և թե Ալավերդու մշակութային պահպանության գործին։
Լուսաբանում՝ Անկյուն + 3 ՀԸ