Ընկերությունը ղեկավարվում է այն սկզբունքով, որ գործունեության հնարավոր առավելագույն թափանցիկությունը և գործունեության նկատմամբ լայն հանրային վերահսկողության հնարավորությունը, հատկապես տնտեսավարման այն ոլորտներում, որոնք էական ազդեցություն ունեն շրջակա միջավայրի վրա, ժամանակակից աշխարհում առաջադեմ գործարարության անքակտելի հատկանիշներից են:
Դրանով պայմանավորված՝ մենք համարում ենք, որ անհրաժեշտ է.
- օպերատիվ արձագանքել Ընկերության գործունեությանն առնչվող տեղեկատվության ստացման և այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության ստույգությունը հավաստելու կամ հերքելու վերաբերյալ հարցումներին,
- հնարավորինս մատչելի դարձնել խմբի ընկերությունների գործունեության բնապահպանական բաղադրիչներին առնչվող տեղեկատվությունը ազդակիր համայնքների ներկայացուցիչների, շահագրգիռ հանրության և լայն հասարակայնության համար,
- ապահովել առողջ իրավաչափ համագործակցություն զանգվածային լրատվության միջոցների և լայն հասարակական զանգվածների տեղեկատվական հետաքրքրություններն ու շահերը ներկայացնող այլ կազմակերպությունների հետ,
- կատարել խմբի ընկերությունների գործունեությանն առնչվող հրապարակային տեղեկատվական հոսքերի մշտադիտարկում, և ապահովել ոչ հավաստի տեղեկատվության ժամանակին ու պատշաճ հերքումը,
- պատշաճ արձագանքել ընկերությունների գործունեության բնապահպանական կողմերին առնչվող թեմաների շուրջ քննարկումներին և այլ հրապարակային միջոցառումներին մասնակցելու առաջարկներին,
- ի լրումն օրենսդրական և այլ իրավական ակտերով նախատեսվածի և արտաքին շահառուների նախաձեռնությամբ կազմակերպվողների՝ բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ հրապարակային քննարկումներ, հասարակության իրազեկման և գործունեության հրապարակայնության ապահովման ուղղությամբ այլ միջոցառումներ կազմակերպել նաև սեփական նախաձեռնությամբ,
- վարվող տեղեկատվական քաղաքականությամբ նպաստել ինչպես սեփական աշխատակազմի, այնպես էլ լայն հասարակայնության շրջանում բնապահպանական արժեհամակարգերի ձևավորմանն ու ամրապնդմանը:
Լայն հասարակայնությանը տրամադրվող տեղեկատվության մեջ հնարավոր ոչ հավաստի դրվագների բացառման նպատակով Ընկերությունում գործում է լրատվամիջոցներին և հասարակական զանգվածների իրազեկում իրականացնող այլ սուբյեկտներին Ընկերության մասին տեղեկատվության տրամադրման հատուկ կարգ, որին պարտավոր են հետևել Ընկերության բոլոր աշխատողները:
Միջազգային ֆինանսական կորպորացիայի ուղեցույցերին համապատասխան՝ միջազգային առաջադեմ փորձին Ծրագրի համապատասխանությունն ապահովելու նպատակով Ընկերությունը մշակել է Շահառուների ներգրավման պլան, որում ներկայացված են շահառուների ներգրավման սկզբունքներն ու նախատեսվող գործողությունները: Պլանի իրագործումը ենթադրում է Ծրագրի բոլոր շահառուների համակարգված իրազեկում Ծրագրի բոլոր տեսանկյունների վերաբերյալ: Շահառուների ներգրավման պլանը հրապարակային փաստաթուղթ է, այն տեղակայված է նաև Ընկերության պաշտոնական կայքում: